Oct 14, 2012

PLAY | Գիրքը, որը կարող է փոխել կյանքը - Գեղարքունիք

PLAY Ծրագրի շրջանակներում հերթական ծրագիրը կայացավ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Սարգսյան Սվետլանան կարողացավ կյանքի կոչել իր հիանալի գաղափարը, ինչի մասին պատմող տեսքստն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Հեղինակն է հենց Սվետլանան:

Play-ի վերջին օրը ես ու իմ հրաշք մենթոր Քնարիկը կազմեցինք մեր առաջին ծրագիրը: Մենք այն անվանեցինք «Գիրքը,որը կարող է փոխել կյանքը»: Ծրագիրը պետք է անցկացվեր Գավառի մանկատան 10-14 տարեկան երեխաների շրջանում: Մենք պետք է հանդիպում ունենայինք մանկատան երեխաների հետ, նրանց հետ խոսեինք գրքի կարևորության մասին, իսկ վերջում նրանց հանձնեինք Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» գիրքը, որը, մեր խորին համոզմամբ, նրանց շատ կոգևորեր և կմոտիվացներ:

Ծրագիրը կազմված էր, մնում էր իրականացնել: Գավառ վերադառնալու առաջին իսկ օրը ձեռնամուխ եղա ծրագրի իրականացմանը: Առաջին քայլս եղավ մանկատուն գնալը և տնօրենի համաձայնությունը ստանալը: Այնուհետև դիմեցի World Vision բարեգործական կազմակերպությանը, որպեսզի ձեռք բերեմ Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» գիրքը՝ 30 օրինակ: Բարեբախտաբար, World Vision-ն աջակցեց, և ես ձեռք բերեցի գրքերը: Համաձայնությունը ստացված էր, գրքերը ձեռք բերված, մնում էր նշանակել օրը և լավ պատրաստվել: Իմ մենթորի հետ քննարկելուց հետո որոշեցինք օրը:

Մնում էր պատրաստվելը: Նախ պետք է պլան մշակվեր, թե ինչից ենք սկսելու, ինչ ենք խոսելու և ինչով ենք ավարտելու: Պլանն էլ կազմեցինք, և մնում էր հոգեպես պատրաստվել, որովհետև մանկատան երեխաներին պետք է յուրահատուկ մոտեցում ցույց տալ: Անկեղծ ասած շատ էի վախենում, որ հնարավոր է չլսեն մեզ, խանգարեն և ծրագիրը ձախողվի: Ճիշտ է, մեծ էր անհագստությունս, սակայն մեծ անհամբերությամբ սպասում էի ծրագրի իրականացման օրվան:

Եվ ահա եկավ սպասված օրը՝ սեպտեմբերի 22-ը: Անհամբերությամբ սպասում էի Քնարիկի՝ Գավառ ժամանելուն: Նա ժամանեց, և մենք միասին գնացինք մանկատուն: Երեխաներին նախօրոք պատրաստել էին, և երբ մենք տեղ հասանք, նրանք արդեն պատրաստ սպասում էին մեզ: Ներս մտանք, ներկայացանք, հետո երեխաները ներկայացան: Շատ լարված էի, բայց երբ ծանոթությունն ավարտվեց, մի փոքր հանգստացա:

Ծանոթությունից հետո անցանք բուն նյութին: Սկզբում պարզեցինք, թե ինչ գրքեր են նրանք կարդացել, խնդրեցինք նրանց մի փոքր պատմել այդ գրքերի մասին: Այնուհետև մի փոքր պատմեցինք մեր ամենասիրելի գրքի մասին: Հետո խոսեցինք գրքի կարևորության մասին, ներկայացրինք աֆորիզմներ: Դրանից հետո անցում կատարեցինք Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» գրքին, ընթերցեցինք նախօրոք առանձնացված հոդվածներ և քննարկեցինք դրանք երեխաների հետ:

Վերջում երեխաները մեզ հետ կիսվեցին իրենց՝ սեմինարից ստացած տպավորություններով և խոստացան, որ այսուհետ ավելի շատ գրքեր կկարդան: Իսկ ամենավերջում մենք նրանց հանձնեցինք Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» գիրքը և հեռացանք:

Ձեզ կհետաքրքրի` արդյո՞ք նրանք կարդացին այդ գիրքը, թե ոչ: Իհա՛րկե կարդացին: Ես պարբերաբար հետաքրքրվում էի, և մեծ եղավ ուրախությունս, երբ ընկերուհուս հորեղբոր կինը, որը նրանց դաստիարակչուհին է, ասաց, որ բոլոր երեխաները անխտիր կարդացել են գիրքը, շատ տպավորված են և նույնիսկ այդ գիրքը առաջարկել են իրենցին տարիքով ավելի մեծ և ավելի փոքր ընկերներին: Դրանում անձամբ համոզվելու համար այցելեցի մանկատուն, խոսեցի երեխաների հետ և համոզվեցի: Ավելին ասեմ, ես ինձ հետ տարել էի Քնարիկի կողմից ինձ ուղարկված գրքերի ցանկը, որն առաջարկեցի երեխաներին և նրանք մեծ ուրախությամբ համաձայնվեցին կարդալ, և ես համոզված եմ, որ եթե ոչ ցանկում ընդգրկված բոլոր գրքերը, ապա դրանցից մի քանիսը նրանք անպայման կկարդան: Դե ինչ, այսքանից հետո ինքներդ եզրակացություն արեք՝ ստացված կարո՞ղ ենք համարել ծրագիրը, թե ոչ:
------------------------------------------------------------ 
Ծրագրի վերահսկող մենթոր - Քնարիկ Ավոյան 
Ծրագրի հեղինակ, իրականացնող - Սվետլանա Սարգսյան 
Տեքստը ու նկարները՝ Սվետլանա Սարգսյանի 
------------------------------------------------------------

0 comments: