Oct 18, 2012

PLAY | Մտածենք առողջ - Վայոց Ձոր

PLAY-ի մասնակիցներն ավելի ու ավելի ակտիվորեն են սկսում իրականացնել իրենց մարզային ծրագրերը: Հերթական հաջողակ ծրագիրը կայացավ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Աստղիկ Սարգսյանը անձամբ կպատմի իր ծրագրի մասին ու կկսիվի տպավորություններով...
Այսօր ես սկսեցի իրականացնել իմ առաջին ծրագիրը: Ես և խմբիս աղջիները ամեն ինչի մասին հոգացել էինք, որ անթերի ու լավ կազմակերպված լինի: Եկավ նշանակված ժամը, ամեն ինչ անթերի էր, մնում էր մեր գործը լավ կատարեինք:

Եկան աշակերտները, այլ մասնակիցներ, ովքեր Facebook սոցցանցով տեղեկացել էին, և որոնց հետաքրքրել էր մեր ցուցահանդեսը:

Մեր բնապահպանական ցուցահանդեսին ներկա էին ավագ դպրոցի 8-ից 12-րդ դասարանների աշակերտները, Վայոց Ձորի մարզային Երիտասարդական կենտրոնի տնօրեն Հասմիկ Մարգարյանը, «Վայոց Ձոր» տեղեկատվական կենտրոնի «Վարդաձոր» մարզային թերթի գլխավոր խմբագիր տիկին Սվետլաննա Դովլաթյանը, մեր դպրոցի ուսուցչական անձնակազմը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի Վայոց Ձորի համակարգող Երանուհի Մանուկյանը. վերջինս նաև «Էկո-Աստղ» բնապահպանական ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է: Հետաքրքիր էր այն փաստը, որ աշակերտները, նայելով նկարներին (նկարներում պատկերված էին քաղաքի այն բակերը, փողոցները, պատմամշակութային վայրերը, որտեղ հաճախակի են լինում աղբի կուտակումներ), բացականչեցին. «Վայ էս մե՞ր քաղաքնա»: Հաճախ լարված ու աշխատանքային օրվա մեջ չենք էլ նկատում, թե ինչպես ենք աղտոտում մեր քաղաքը, անգամ չենք էլ նկատում, թե ինչպիսի աղտոտված վայրերով ենք շտապում դասի կամ մեկ այլ տեղ:

Մենք նկարների այդ տխուր պատկերը մեղմացնելու համար նկարները գույնզգույն թղթերի վրա էինք ամրացրել և պատրաստել էինք պրեզենտացիա:

Պրեզենտացիան բաղկացած էր 2 բաժնից. առաջին բաժնում ներկայացրեցինք PLAY ծրագիրը, թե ովքեր ենք մենք, ինչ ենք անում, ովքեր են ֆինանսավորում մեր ծրագիրը, իսկ ահա 2-րդ մասում խոսեցինք մեր համայնքի բնապահպանական խնդիրներից, ներկայացրինք, թե ինչպես ենք մեր խմբով մաքրել Գլաձորի համալսարանի և Սպիտակավորի տարածքը: Հետո մասնակիցներին բաժանեցինք գունավոր թերթիկներ, որոնց վրա գրեցին իրենց առաջարկություններն ու լուծումները՝ ուղղված մեր համայնքի էկոհամակարգի մաքրությանն ու պահպանությանը: Շատ հնարավոր է, որ հենց նրանց առաջարկությունները դարձնենք մեծ գաղափար և իրականացնենք հետագայում:

Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն տիկին Կարինե Հարությունյանը շատ կարևորեց ու ողջունեց մեր նախաձեռնությունը և ասաց, որ անպայման ցուցահանդես կազմակերպենք նաև այլ վայրերում, որպեսզի երիտասարդությանը կոչ անենք անտարբեր չգտնվել մեր համայնքի նկատմամբ: Նրան հատկապես շատ գրավեցին նկարների վերևում գրված բնության վերաբերյալ աֆորիզմները, և դրանցից առանձնացրեց մեկը.«Բնությունից է սկսվում մեր հայրենիքը»: Եվ աշակերտներին կոչ արեց, որ մեզ նման ակտիվ ու նախաձեռնող լինեն և, որ ամենակարևորն է, չաղտոտեն այն միջավայրը, որտեղ ապրում են:

Ամեն ինչ շատ լավ անցավ, երեխաներից մի քանիսը պատրաստակամություն հայտնեցին և դիմեցին մեզ, որպեսզի իրենց էլ ներգրավենք մեր խմբի մեջ: Մենք սիրով համաձայնվեցինք: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Եղեգնաձորի «Երիտասարդական բանկ»-ին, Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնին, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնորինությանը, PLAY ծրագրին և իհարկե «Վայոց Ձոր» տեղեկատվական կենտրոնի «Վարդաձոր» մարզային թերթի գլխավոր խմբագիր տիկին Սվետլաննա Դովլաթյանին, ով մեր ծրագիրը կլուսաբանի թերթի առաջիկա համարում:
-----------------------------------------------------------------------
Ծրագրի վերահսկող մենթոր - Կարինե Նանյան
Ծրագրի հեղինակ, իրականացնող - Սարգսյան Աստղիկ
Տեքստը ու նկարները՝ Սարգսյան Աստղիկի
------------------------------------------------------------ 

0 comments: