Application



«ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ՄԵՆԹՈՐԻՆԳԻ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բարև: Հուսանք, որ լավ ես ու մտածում ես, թե ինչպես կարող ես հնարավորինս հետաքրքիր անցկացնել քո ամառային հանգիստը: Եթե սիրտդ ուզում է նոր ու հետաքրքիր բաներ, երազում ես նոր մարտահրավերների մասին, փորձում ես ծանոթանալ քեզնից ավելի փորձառու, կյանքում մի քիչ ավելի շատ բան տեսած, լսած ու սովորած երիտասարդների հետ, ապա ուշադիր կարդա մրցութային այս հայտարարությունը, որոշում կայացրու և դիմիր մեր ծրագրին:
Եթե ընտրվես ու ներգրավվես մեր ծրագրում, ապա քո կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, նոր մտքեր, նոր զգացողություններ և նոր փորձառություն, և 2012թ-ի այս ամառը հաստատ կտարբերվի քո բոլոր անցյալ ամառներից... Մեզ հետ քեզ ավելի լավ կզգաս, ու մտքիդ դրած գործերից շատերն էլ հաջողությամբ կիրագործես: Կդառնաս ավելի ինքնավստահ, նպատակասլաց ու նախաձեռնող, և որն ամենակարևորն է` կլինես քո համայնքում հարգված և սիրված երիտասարդ առաջնորդներից մեկը:
Վստահ ենք, որ մենք արդեն հետաքրքրել ենք քեզ: Ուրեմն, ծանոթանալու ժամանակն է:

1. ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ

Մենք YouthLAB - «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագրի 15 շրջանավարտներ ենք: Այդ ծրագիրը 2011թ. ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից և իրականացվել է «Փի–Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից` Թուրքիայում համագործակցելով Ari Movement կազմակերպության հետ։ Ծրագիրը նպատակ ուներ մասնակից հայ, ամերիկացի և թուրք աշակերտների մոտ զարգացնել առաջնորդի հմտություններ և նրանց միջև սերմանել միջմշակութային փոխըմբռնում։ 16-ամսյա այս ծրագիրը ներգրավել է 72 ակտիվ աշակերտների՝ յուրաքանչյուր երկրից 16-18 տարեկան 24 բարձր դասարանցիների, որոնք ծրագրի ընթացքում մասնակցել են տարբեր միջոցառումների` ներառյալ 3-շաբաթյա ճամբարի ԱՄՆ-ում, ապա նաև հայ մասնակիցներս հյուրընկալել են թուրք և ամերիկացի մասնակիցներին մեր ընտանիքներում: Ծրագրի ընթացքում բոլորս իրականացրել ենք մեր նախագծած համայնքային ծրագրերը` նպաստելով մեր համայքների զարգացմանը:

«Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագրի ավարտից հետո, հայ մասնակիցներից ձևավորվել է մի թիմ, որն անընդհատ փնտրում է նոր հնարավորություններ` ինչպես իր անդամներին ուժեղացնելու, այնպես էլ ձեռք բերած փորձը, գիտելիքները և հմտությունները փոխանցելու մարզերում ապրող մեր կրտսեր ընկերներին: Սթ. գարնանը ԱՄՆ Պետքարտուղարությունը ամերիկյան ծրագրերի շրջանավարտների համար հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ, որին ամբողջ աշխարհից դիմել էին 685 դիմողներ: Նրանցից միայն 154-ը անցան ընտրության եզրափակիչ փուլ, իսկ մեր խումը կարողացավ դառնալ դրամաշնորհ շահած 50 մասնակիցներից մեկը: Ահա հենց այդ դրամաշնորհի միջոցով ենք այժմ մենք մեկնարկում ենք մեր այս նոր ծրագիրը:

2. ԻՆՉ ԾՐԱԳԻՐ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Մենք իրականացնում ենք «Առաջնորդության խթանում հայ երիտասարդների շրջանում» մենթորինգ (PLAY) ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ներգրավվածության և նորարության հիմնադրամի (AEIF) կողմից: Այս
ծրագիրը նախագծել և ֆինանսավորող հանձնաժողովի քննարկմանն ենք հանձնել վերոնշյալ «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագրի 15 հայ շրջանավարտներով:

«Առաջնորդության խթանում հայ երիտասարդների շրջանում» այս ծրագիրը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու մենթորինգի ընդարձակ ցանց հայ երիտասարդության շրջանում, զարգացնել առաջնորդական հմտություններ և խթանել քաղաքացիական ակտիվությունը` ուղղված համայնքային հրատապ խնդիրների լուծմանը: Մենթորինգը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է հանդուրժել, տոկալ, երիտասարդի և նրանից ավագ անձի միջև կայուն ընկերական հարաբերություն է: Մենթորինգի ծրագրերի մեջ ավագ ընկերոջն անվանում են մենթոր (mentor), իսկ կրտսեր սանին մենթի (mentee): Հասակակիցների դեպքում, ի լրումն նրան, որ մենթորն իր սանին փոխանցում է հետաքրքիր փորձ, օգնում է նրան տարբեր հարցերում հստակ դիրքորոշում ընդունել, տալիս է ուսանելի խորհուրդներ, նրանք միասին ուրախ ու հետաքրքիր ժամանակ են անցկացնում: Մենթորն ընդօրինակման արժանի, մտերիմ ու վստահելի անձ է. նա փորձում է քեզ կյանքի լավ օրինակ ցույց տալ: Նա նաև քո հնարավորությունների բացահայտողն ու զարգացնողն է. նրա դերը իր սանի մեջ ուժեղ կողմերն ու ընդունակությունները նկատելն է:

Որպես մենթորներ, մենք կփորձենք աջակցել քեզ` ուղղորդելով հաջողության ու հաղթանակի ճանապարհով` նպատակ ունենալով քեզ դարձնել հասարակության ու մեր պետության կարիքները հոգացող իսկական քաղաքացի:

Այսպիսով, 2012թ-ի օգոստոսից մինչև 2013թ. մարտ ամիսներին նախատեսվող այս ծրագրում ընդգրկվելու համար յուրաքանչյուր մարզից ընտրվելու են 3-ական դիմորդներ (ընդհանուր 30 մասնակից), ովքեր իրենց մենթորների ղեկավարությամբ և իրենց համայնքից կամավոր հիմունքներով իրենց միացած այլ ընկերների հետ միասին մասնակցելու են ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք բոլոր միջոցառումներին:

Մասնակիցներն ընտրվելու են 2 փուլով.
1-ին փուլ. Դիմորդների հայտերի գնահատում և յուրաքանչյուր մարզից լավագույն 10-15 դիմորդների ընտրություն:
2-րդ փուլ. Հարցազրույց 1-ին փուլում ընտրված դիմողների հետ իրենց մարզում`նախապես հայտարարված վայրում, որի արդյունքում յուրաքանչյուր մարզից կընտրվեն լավագույն 3-ը:

Մասնակից 30 մենթիների ընտրությունից հետո սկսվելու են ծրագրի գլխավոր միջոցառումների իրականացումը, որը ներառում է.
* Եռօրյա ճամբար Հայաստանի հանգստյան որևէ գոտում օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում: Ճամբարի ընթացքում մասնակիցներին կտրվեն համապատասխան գիտելիքներ` ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու նպատակով, ինչպես նաև կընտրվեն մենթոր-մենթի զույգերը:
* Ընտրված յուրաքանչյուր մենթիի կողմից 10 այլ կամավորների հավաքագրում և իր համայնքային թիմի ձևավորում,
* Ձեռք բերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ համայնքային ծրագրերի մշակում մենթորների հետ համատեղ,
* Մշակված ծրագրերի իրականացում տվյալ մարզում մասնակիցների կողմից ստեղծված թիմի օգնությամբ: Ծրագրերի հիմնական բովանդակությունը պետք է համապատասխանի հետևյալ թեմատիկային.
  •  մարդու իրավունքների պաշտպանություն,
  •  գենդերային խնդիրներ,
  •  բնապահպանական խնդիրներ
  •  համայնքային ծառայություն:
* Հաջողված միջոցառումների լուսաբանում մեր կայքի, սոցիալական այլ կայքերի և լրատվամիջոցների միջոցով:

3. ՄԵՐ ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Դու հնարավորություն ունես դիմելու մեր ծրագրին, եթե.
* Հայաստանի 10 մարզերի հանրակրթական դպրոցի 10-12-րդ դասարանի աշակերտ ես,
* ՀՀ քաղաքացի ես և ծրագրի ամբողջ ընթացքում պլանավորում ես բնակվել Հայաստանում,
* Ակտիվ ես, նպաստակասլաց, թիմային կարող ես բավարար ժամանակ տրամադրել ծրագրի բոլոր միջոցառումներին, լիարժեք կերպով իրականացնել համայնքային բոլոր ծրագրերը,
* ձեռք ես բերել ծնողներիցդ գրավոր տեղեկանք, որով վերջիններս հաստատում են իրենց համաձայնությունը ծրագրի բոլոր միջոցառումներին և պայմաններին և թույլ են տալիս քո մասնակցությունն այս ծրագրին,
* ձեռք ես բերել ծնողներիցդ գրավոր տեղեկանք, որով վերջիններս տալիս են իրենց թույլտվությունը ծրագրի հովանավորին և մեզ ծրագիրը լուսաբանող կայքում, գովազդային նյութերում, ծրագրերի հաշվետվություններում և լրատվամիջոցներում քո անունը, նկարները կամ ծրագրի ընթացքում քո կողմից պատրաստված նյութերը հրապարակելու համար:

Եթե դու համապատասխանում ես վերը նշված մեր բոլոր պահանջներին, ուրեմն միչև 2012թ. օգոստոսի 10-ը կարող ես լրացնել ծրագրի մրցութային փաթեթում ներառված 2 փաստաթղթերը (ծրագրի դիմում-հայտը և ծնողների ստորագրությամբ հաստատված համաձայնությամբ ձևաթուղթը) և ուղարկել դրանք armmentors@gmail.com հասցեով:

Կքննարկվեն միայն պատշաճ կերպով լրացված, ճիշտ ժամանակին հանձնված փաթեթները: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ անձանց.
  • Դավիթ Պետրոսյանին`(091) 37-26-09 
  • Աննա Գասպարյանին`(094) 93-32-00 
  • Վահան Կոտանյանին`(093) 05-67-03 
  • Ջեմմա Եղիազարյանին՝(055) 89-29-98

0 comments: