Mar 11, 2013

PLAY | Իրազեկ եղիր, մի սխալվիր - Արարատ

Արարատի մարզի մենթի Նարինե Եղիազարյանը նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթվա մեկնարկը տվեց իր երրորդ ծրագրի իրականցմամբ: Ծրագիր, որը թարմությամբ լցրեց դպրոցականների լարված առօրյան: 

Նախապես մենթին և կցված մենթոր Կարինե Նանյանը որոշել էին սեմինար անցկացնել դպրոցականների հետ և տրամադրել նրանց այնպիսի նյութեր, որոնք կօգնեն պատանիներին հետագայում չսխալվել: Համարելով, որ ՄԻԱՎ վիրուսի և ՁԻԱՀ հիվանդության մասին տեղեկությունները շատ կարևոր են յուրաքանչյուր դպրոցականի համար, որոշեցին ընտրել հենց այս թեման: Բացի այդ, մենթին անցել էր համապատասխան դասընթաց, որը նրան օգնեց ինքնուրույն կազմակերպել նման սեմինար: Սեմինարը կազմակերպվելու էր իններորդ դասարանի աշակերտների համար: Ծրագիրը անց էր կացվելու երկու փուլով:

Առաջին փուլն անցկացվեց հունվարի 15-ին Վեդի քաղաքի ավագ դպրոցում: Հետևելով «Համատեղ դասավանդման կանոններին» և օգատգործելով «Հավասարը հավասարին» մեթոդը՝ Նարինեն իր խմբի մյուս անդամների հետ երեխաներին ներկայացրեց, թե ինչ են իրենցից ներկայացնում ՄԻԱՎ վիրուսը և ՁԻԱՀ հիվանդությունը, ներկայացրեց դրանց ծագումը, զարգացման պատմությունը, փոխանցման ուղիները, վերջինիս նկատմամբ խոցելի խմբերը, կանխարգելման միջոցները և այլ կարևոր տեղեկություններ: Դասընթացի ընթացքում գործի դրվեց ոչ միայն բանավոր խոսքը, այլ նաև օգտագործվեցին գունազարդ, հետաքրքիր նկարներով և բովանդակալից մտքերով հարուստ գրքեր: Դասընթացի վերջում մենթին մասկանկիցներին բաժանեց խմբերի` նրանց տրամադրելով թռուցիկներ, կարևոր տեղեկություններ պարունակող այլ թերթիկներ:

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում էր խմբերի միջև մրցույթ և հաղթող թիմի պարգևատրում: Երեխաներին տրվեց երկու օր, որպեսզի յուրացնեն ստացած նյութերը և ավագի հետ միասին պատրաստվեն թիմային խաղին: Երկրորդ փուլը տեղի ունեցավ հունվարի 17-ին: Նախքան դասընթացի սկսելը դպրոցի հոգեբանը զրույց ունեցավ խմբերի հետ` փորձելով նրանց հասցնել այն գաղափարը, որ գլխավոր մրցանակը այն չէ, որը պետք է ստանար հաղթող թիմը, այլ այն գիտելիքը, որը նրանք հասցրեցին ստանալ: Մրցույթը բավականին թեժ ընթացք ստացավ: Երկու խաղ-քննարկումների արդյունքում էլ որոշվեց, թե խմբերից որն էր ավելի լավ պատրաստվել մրցույթին: Հաղթող թիմի ավագը ստացավ գրքեր, որոնցից մեկը ծխախոտի և նրա ազդեցության մասին էր, իսկ մյուսը Վիլիամ Սարոյանի գրքերից էր: Թիմի ամենաակտիվ մասնակիցը ստացավ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին պատմող գրքույկ և հավելյալ այլ թռուցիկներ ու նյութեր: Թիմի մյուս անդամները ստացան գրենական պիտույքներ: Պարտված թիմի ավագը պարգրատրվեց նույն նվերով, ինչ հաղթող թիմի ամենակտիվ մասնակիցը, քանի որ նա նույնպես ակտիվություն էր ցուցաբերել և գրանցած արդյունքներով չէր զիջում վերջինիս: Երեխաները խոստացան մտապահել ստացած գիտելիքները, հաճախ կարդալ իրենց բրոշյուրներն ու թերթիկները, և աշխատել չդրսևորել ռիսկային վարքագիծ:

Ծրագիրն իրականացրած մենթի - Նարինե Եղիազարյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Կարինե Նանյան
Ծրագրի անվանումը - «Իրազեկ եղիր, մի սխալվիր»



0 comments: