Jan 4, 2013

PLAY | Մեդիակրթություն - Արմավիր

PLAY ծրագրի՝ Արմավիրի մարզի մասնակից Նարեկ Գալստյանը ներկայացնում է իր «Մեդիակրթություն» ծրագիրը, որն իրականացվել է երկու դասընթացների ձևով Էջմիածնի թիվ 2 և թիվ 5 դպրոցներում նոյեմբերի 11-ին և 24-ին:

Ծրագրի նպատակն էր բարձրացնել նորագույն տեխնոլոգիաների իմացության մակարդակը հայ երիտասարդների շրջանում, խթանել ստեղծարար մտքերը, սովորեցնել ավելի ճիշտ օգտվել նորագույն տեխնոլոգիաներից ու ցույց տալ, որ կարելի է ոչնչից ստանալ ամեն ինչ, որը ճիշտ է ամեն ինչի մասին, բայց ես ներկայացրեցի միայն նորագույն տեխնոլոգիաներով «ամեն ինչ» ստեղծելը և, ամենակարեւորը, օգնեցի հասկանալ, որ զարգացման կարևորագույն միջոցներից մեկը ԳՈՐԾԵԼՆ է:

Դասընթացների ընթացքում խոսեցինք համակարգչային մի քանի օգտակար ծրագրերի ու ինտերնետ ծառայությունների մասին, սովորեցրինք ձայնային և վիդեո մոնտաժ, ներկայացրինք բլոգի այժմյան կարևոր դերը մարդկանց կյանքում, պատմեցինք լուսանկարի ու լուսանկարչության արվեստի, գաղտնիքների ու գեղեցիկ լուսանկար ստանալու մասին: Իսկ ամենավերջում` այս ամենը յուրացնելուց հետո, սկսեցինք ծրագրի ամենահետաքրքիր մասերից մեկը` նկարել ընդհատվող շարժումով անիմացիա, որը նկարելու ընթացքում մասնակիցները օգտագործեցին ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները:

Երկու դասընթացների ընթացքում էլ խոսել եմ նույն բաների մասին ու հիմա մանրամասն կներկայացնեմ դրանցից մեկը, որը տեղի ունեցավ Էջմիածնի 5-րդ դպրոցում:

Առավոտյան ՝ սեմինարի մեկնարկից 30 րոպե առաջ, արդեն 5-րդ դպրոցում էի, ինձ շատ ջերմ ընդունեցին եւ ուղեկցեցին ինֆորմատիկայի սենյակ: Մինչ նախապես ընտրված երեխաները կհավաքվեին, ստուգեցի համակարգիչների սարքին լինելն ու նրանցում համապատասխան ծրագրերի առկայությունը:

Դասընթացի սկզբում ներկայացրի թե ովքեր ենք մենք, ինչ կազմակերպության ինչ ծրագիր ենք ներկայացնում: Անցնելով ծրագրիս բուն թեմային՝ առաջինը խոսեցի «Ամպային համակարգերի» մասին (Ավելի մանրամասն ՝ այստեղ): Սկզբում բոլորին ներկայացրի դրանց էությունը, ապա բոլորի համար բացեցինք հաշիվներ տվյալ ոլորտում առաջատարներից մեկը համարվող Dropbox-ում: Աշակերտներից մի քանիսը տեղյակ էին նաեւ այլ ամպային համակարգերից, որոնց մասին ևս խոսեցինք, ներկայացրինք վերջիններիս առավելություններն ու թերությունները:

Հետո անցանք blog-ի պատրաստմանը: Ես դրա համար ընտրել էի Google-ի blogger-ը, որը չնայած միանձնյա առաջատար չէ այդ ոլորտում, բայց առաջին բլոգը պատրաստելու համար երևի թե լավագույնն է:

Անցնելով մոնտաժին՝ նրանց ներկայացրի Windows live movie maker ծրագիրը, որը չնայած շատ մեծ հնարավորություններ չունի, բայց սիրողական մոնտաժի համար շատ հարմար է: Եկավ դադարի ժամանակը, որի համար նախատեսել էի մի քանի լիցքաթափող խաղեր: Ընտրել էի Motiօn Control՝ Շարժումով կառավարվող խաղեր (մանրամասն՝ այստեղ և այստեղ): Սկզբում պատմեցի դրանց մասին, ապա հուշումներ անելով՝ թողեցի, որ աշակերտներն իրենք գլխի ընկնեն, թե դա ինչպես է աշխատում, ապա սկսեցինք խաղալ, որի ընթացքում էլ հասկանալի էր, թե ով էր գտել բանալին, որի միջոցով պարզ էր դառնում խաղի էությունը:

Եվ այդ ամենից հետո եկավ վերջին ու ամենահետաքրքիր մասերից մեկը` ընդհատվող շարժումով անիմացիա նկարահանելու ժամանակը: Մի քանի հանրահայտ անիմացիաներ դիտելուց հետո սկսեցինք նկարել մեր սեփականը: Երեխաները բաժանվեցին 2 խմբի ու սկսեցին նկարահանել: Այդ ամենը շատ ոգևորիչ էր նրանց համար, քանի որ նրանք բացահայտեցին այն գաղտնիքը, որի միջոցով ստեղծված էին իրենց մանկության սիրած մուլֆիլմերից շատերը:

Ծրագիրն համարում եմ հաջողված,քանի որ մինչեւ հիմա ես նրանց պարբերաբար ուղարկում եմ կրթական ու մասնավորապես նորագույն տեխնոլոգիաներին վերաբերող նյութեր ու կարող եմ վստահորեն ասել, որ համագործակցությունը շարունակվում է՝ իր սահմանները մեծացնելով ու իր մեջ ընդգրկելով նորանոր թեմաներ ու ոլորտներ:
----------------------------------------------


----------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթի - Նարեկ Գալստյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Դավիթ Շահնազարյան
Ծրագրի անվանումը - «Մեդիակրթություն» ("Mediaeducation")
----------------------------------------------

0 comments: