Jan 2, 2013

PLAY | Աջակցություն Վեդու մանկապարտեզի սաներին - Արարատ

Արարատի մարզի մենթի Նարինե Եղիազարյանը PLAY ծրագրի ամենաակտիվ մասնակցիներից է: Իր մենթոր Կարինե Նանյանի և ընկերների հետ հաջողությամբ իրականացնելով բնապահպանական թեմայով իր առաջին համայնքային ծրագիրը` նա ձեռնամուխ եղավ իր երկրորդ ծրագրի իրականացմանը և կրկին հաջողությամբ կազմակերպեց նախատեսված բոլոր քայլերը:
Ծրագրի նպատակն էր կինոդիտման միջոցով հավաքել գրենական պիտույքներ և տրամադրել Վեդի քաղաքի մանկապարտեզներից մեկի սաներին: Նարինեն և նրա ընկերները կինոդիտումը կազմակերպել էին Վեդի քաղաքի թիվ 3 ավագ դպրոցում, որտեղ նա ուսանում է: Ծրագիրն իրականացվել է 10-12-րդ դասարանցիների օգնությամբ: 

Նարինեն իր ընկերների հետ միասին փորձել էր գտնել համայնքում առկա այնպիսի խնդիրներ, որոնց լուծմանն իրենք կարող էին նպաստել: Համայնքի կարիքների գնահատման ժամանակ նրանք պարզել էին, որ տեղի մանկապարտեզները չեն տրամադրում երեխաներին անհրաժեշտ գրենական պիտույքներ և նման անհրաժեշտ պարագաներ: Մենթին իր աշխատանքային խմբի հետ միասին այցելել էր գործող մանկապարտեզներ, զրուցել տնօրենների հետ, ստուգել օգտագործման մեջ գտնվող պիտույքների վիճակը և հասկացել, որ խնդիրն, իրոք, լուծման կարիք ունի: Այդ մասին նա տեղյակ էր պահել նաև դպրոցի այլ աշակերտների, որոնք էլ, ավելի ոգևորվելով, ցանկացել էին մասնակցել համայնքային նախաձեռնությանը և օգնել մանկապարտեզին: 

Մանկապարտեզի ճիշտ ընտրությունը, թերևս, ամենից կարևորն էր: Այդ քայլն էլ արագ կատարվեց: Նարինեն զրուցեց ընտրված մանկապարտեզի սաների ծնողներից երկուսի հետ` համոզվելով, որ հենց այդ մանակապարտեզն է զգում օգնության կարիք: Այնտեղ վերջին անգամ պիտույքները թարմացվել էին մոտ 13 տարի առաջ: Մինչև կինոդիտմանը` ծրագրի հաջորդ փուլին անցնելը, պատրաստվել էին հայտարարություններ և փակցվել դպրոցի դասարաններում: Հայտարարության մեջ նշվում էր, որ նոյեմբերի 20-ը համարվում է «Երեխաների միջազգային օր» և այս նախաձեռնությունը նշանավորում է համայնքի ներդրումը՝ ուղղված երեխաների բարօրությանը: 

Կինոդիտումը նշանակված էր նոյեմբերի 9-ին ժամը 13:15-ին: Նշանակված օրը բավականին մեծ թվով դպրոցականներ էին եկել դիտելու Վեդի թիվ 3 ավագ դպրոցում ցուցադրված «The pursuit of happiness» ֆիլմը: Տոմսեր գնելու փոխարեն նրանք բերել էին յոթանասուն նկարչական ալբոմ, 72 տուփ մատիտ, 59 տուփ ծեփանյութ, 43 տուփ ջրաներկ: Տուփերի վրա աշակերտները գրել էին բարեմաղթանքներ: 

Նոյեմբերի 13-ին Նարինեն իր խմբի անդամների հետ այցելեց մանկապարտեզ: Տնօրենը և  այցելուները շրջեցին մանկապարտեզի խմբերով և երեխաներին փոխանցեցին գրենական պիտույքները: Վերջիններս այնպես էին բաշխվել, որ բավարարեց հինգ խմբերի սաների, որոնցից յուրաքանչյուրում կար նվազագույնը քառասուն սան: Երեխաները, անկասկած, շատ էին ուրախացել և ոգևորվել: Բացի նվերնեը հանձնելուց, խմբի անդամները զրուցեցին երեխաների հետ, ծանոթացան նրանց հետ, երեխաները նրանց պատմեցին իրենց երազանքների մասին: Իսկ ավագ խմբի սաների հետ խոսեցին դպրոցի կարևորության մասին` փորձելով նրանց մի փոքր նախապատրաստել կյանքի մի նոր փուլի:
-------------------------------------------
-------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթի - Նարինե Եղիազարյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Կարինե Նանյան
Ծրագրի անվանումը - «Աջակցություն Վեդու մանկապարտեզի սաներին»

-------------------------------------------

0 comments: