Dec 31, 2012

PLAY | Ձմեռը՝ տաք հագուստով - Վայոց Ձոր

PLAY ծրագրի մենթի Աստղիկ Սարգսյանը դեկտեմբերի 8-ին Վայոց Ձորի մարզում իրականացրեց իր երկրորդ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել տաք հագուստներ: Ծրագիրն անվանվել էր «Ձմեռը` տաք հագուստով», քանի որ հագուստները բացառապես ձմեռային էին:

Ծրագրի նպատակն էր ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքներին հագուստով ապահովել, այլ նաև համայնքի երիտասարդներին ծրագրի ընթացքի մեջ ներգրավել` ցանկանալով, որ իրենք էլ լինեն նախաձեռնող, և որ ամենակարևորն է` անտարբեր չլինեն իրենց համայնքի մյուս բնակիչների նկատմամբ:

Ծրագիրը իրագործելու համար մենթին կատարեց առաջին քայլը, որը, ինչպես հետագայում պարզվեց, ծրագիրը խթանող շատ կարևոր քայլերից մեկը եղավ: Նախ Աստղիկը հայտարարություն տեղադրեց Facebook սոցցանցում և իր ընկերների միջոցով այդ հայտարարությունը տարածեց տարբեր խմբերում: Նույն օրը երեկոյան պարզ դարձավ, որ Blognews.am կայքում նույնպես տեղադրել են այդ հայտարարությունը: Այդ հանգամանքը խմբին շատ օգնեց, քանի որ շատ մարդիկ սկսեցին զանգահարել և հայտնել իրենց` խմբին աջակցելու պատրաստակամության մասին: Այնուհետև Աստղիկը համագործակցության առաջարկ ստացավ Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: Խմբի անդամները և ծրագրին օժանդակողները ավելի մեծ ակտիվությամբ սկսեցին աշխատել: «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ստացան բավականին շատ հագուստ, իսկ Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը օգնեց ինչպես հագուստների հավաքման, այնպես էլ ծրագրի կազմակերպչական հարցերում:

Ծրագրի նախատեսված ժամկետում արդեն կար բավարար հագուստ, որն արդեն կարելի էր տրամադրել ընտանիքներին, սակայն նախ անհրաժեշտ էր կատարել կարիքի գնահատում՝ հասկանալու համար, թե որ ընտանիքին ինչ հագուստ է անհրաժեշտ: Այդ ամենը պարզելուց և ընտանիքների կարիքները գնահատելոց հետո խմբի անդամները սկսեցին պատրաստել նվերները: Այդ գործընթացը ժամանակատար չեղավ: Երբ ամեն ինչ պատրաստ էր, Աստղիկը և համայնքի ակտիվ մի քանի երիտասարդներ ձեռնամուխ եղան նվերների հանձնմանը:

Նվերների հանձնումը սկսեցին մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում ապրող 3 ընտանիքներից, այնուհետև ուղևորվեցին դեպի Մալիշկա գյուղ: Մալիշկա գյուղում հագուստներ նվիրեցին երկու ընտանիքի: Այդ ամենը շատ մեծ տպավորություն էր գործել և՛ խմբի անդամների, և՛ ընտանիքների անդամների վրա: Խումբը պատրաստվում է հետագայում ևս այցելել մի քանի ընտանիքների, և նախատեսում են այս անգամ նրանց ոչ միայն հագուստ, այլ նաև սնունդ տանել:

-----------------------------------------------------------------------
Ծրագրի վերահսկող մենթոր - Կարինե Նանյան
Ծրագրի հեղինակ, իրականացնող - Սարգսյան Աստղիկ
------------------------------------------------------------  

0 comments: