Aug 21, 2012
PLAY | Օր առաջին | Նոր սկիզբ, նոր մտքեր, նոր կիրք ու ցանկություն
Ահա և սկսվեց ամենահետաքրքիրը: Հայաստանի 10 մարզերից ընտրված 30 երիտասարդներ, ովքեր ունեն մեծ ցանկություններ ու հնարավորություններ, բայց չունեն առաջնորդին բնորոշ վստահություն ու կազմակերպչական ջիղ, ճանապարհվեցին դեպի Սևանի «Կապուտակ Սևան» հանգստյան գոտի՝ մասնակցելու առաջնորդության ու մենթորինգի վերաբերյալ ճամբարի, որի ընթացքում նրանց կփոխանցվեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Հիմա փորձենք մի կողմ քաշել պաշտոնական վարագույրները ու ավելի գեղեցիկ կերպով ներկայացնենք մեր առաջին օրը:
Ճանապարհ դեպի Սևանի «Կապուտակ Սևան» հանգստյան գոտի.
Օգոստոսի 20, 2012 թվական.. Հայաստանի բոլոր մարզերից 30 10-12-րդ դասարանցիներ շարժվեցին դեպի առաջին կետ՝ Երևանի՝ Հանրապետության հրապարակ: Ոմանք ճանապարհ էին դուրս եկել առավոտյան ժամը 5-ին, իսկ ոմանք էլ՝ 8-ին: Բայց բոլորը, մի մարդու պես, ժամը 11-ին արդեն Հանրապետության հրապարակում էին: Ավտոբուսը արդեն սպասում էր մեզ: Տեղավորվելուց ու առաջին ծանոթություններից հետո նստեցինք մեր տեղերում ու շարժվեցինք դեպի Սևան: Մենք սկսեցինք ընթանալ մի ճանապարհով, որ նոր սկիզբ էր խորհրդանշում: Ճանապարհը շատ կարճ թվաց բոլորիս, քանի որ շարժվում էինք մի տեղ, որտեղ փորձելու էինք իրականացնել մեր ամենալավ մտահաղացումներն ու նպատակները:
Նոր սկիզբ, նոր մտքեր, նոր կիրք ու ցանկություն.
Մոտ մեկ ժամ տևած ուղևորությունից հետո վերջապես ժամանեցինք «Կապուտակ Սևան» հանգստյան տուն: Ճիշտ է, հենց սկզբից նկատվեց անկազմակերպվածության փոքրիկ նշույլ, քանի որ 30 հոգի, որոնց մեծ մասը մյուսներին չէր ճանաչում, մուտք էին գործել նոր փուլ իրենց կյանքում: Բայց շատ շուտով այդ փոքրիկ խնդիրը լուծվեց, ու բոլորը տեղավորվեցին համարներում: Նայելով մասնակիցների աչքերին՝ զգացվում էր, որ նրանց մոտ նոր կիրք կար, մի կիրք, որը երբեք չէին ունեցել: Նրանցից շատերը քիչ բան գիտեին, բայց շատ սովորելու մեծ ցանկություն ունեին: Ոմանք էլ շատ գիտեին, բայց էլ ավելի շատ սովորելու ձգտում ունեին:
Մի քանի րոպե հանգստանալուց հետո անցանք մեր բավականին խիտ օրակարգի իրականացմանը: Միանգամից տեղափոխվեցինք խորհրդակցությունների սրահ, որտեղ էլ սկսվեցին սեմինարներն ու վարժանքները:
Նախ կազմակերպեցինք մասնակիցների ծանոթության հետաքրքիր խաղ-վարժանք: Ամեն մասնակից իրեն տրված գունավոր թղթի վրա նկարեց իրեն խորհրդանշող ինչ-որ բան, գրեց իր բնավորության լավ ու վատ գծերի մասին, իր նախասիրությունների մասին, հետո ամեն մեկը կարդաց ու ցույց տվեց իր գրած-նկարածը: Հետաքրքիր էր, զվարճալի ու հաճելի, հատկապես երկար ճանապարհից հետո:
Հետո մասնակիցներին պատմեցինք մեր թիմի մասին, թե ովքեր ենք մենք, ինչ ենք արել նախքան այս ծրագրի նախաձեռնումը: Պատմեցինք, թե ինչպես 24 հայ երիտասարդներ հավաքվեցին մեկ նպատակի շուրջ ու մեկնեցին ԱՄՆ, որտեղ հանդիպեցին 24-ական թուրք ու ամերիկացի հասակակիցների՝ մասնակցելու առաջնորդության ճամբարի:
Ներկայացնելով YouthLAB ծրագիրը ու մեր թիմի անցած ճանապարհը՝ անցանք PLAY ծրագրի նախագծման ու իրականացման մասին պատմությանը: Պատմեցինք, թե ինչպես նույն թիմով հավաքվեցինք, կազմեցինք ծրագիր, դիմեցինք դրամաշնորհի համար ու միասնական ջանքերով ստացանք այն՝ միանգամից նախաձեռնելով ծրագիրը:
Դրանից հետո, հանգստանալով մի քանի րոպե ու վայելելով սուրճ կամ հյութ, շարունակեցինք ու ներկայացրինք առաջնորդելու արվեստը: Այո՛, արվեստ: Առաջնորդությունն արվեստ է, որին պետք է տիրապետել, որի համար պետք է ի ծնե հնարավորություններ ունենալ, բայց աշխատել ու զարգացնել դրանք: Սեմինարը անցավ շատ ակտիվ ու հաճելի շփման պայմաններում: Մասնակիցները փորձում էին ամեն պատեհ առիթ օգտագործել՝ իրենց հարցերն ու կարծիքները ասելու համար: Այս սեմինարը, կարծում ենք, շատ բան տվեց ապագա ներկայիս մենթիներին, ովքեր հետագայում ճիշտ աշխատելու ու ինքնազարգացման ջգտում ունենալ դեպքում դառնալու են լավ լիդերներ:
Առաջնորդությունը շատ լավ բան է, բայց ընթրելը պակաս կարևոր չէ :) Բոլորս միասին գնացինք վայելելու հայկական ավանդական տոլման: Ընթրիքի սեղանի շուրջ հետաքրքիր քննարկումներ էին արդեն ծավալվել արդեն լսածի ու իմացածի մասին:
Ընթրիքից հետո կրկին վերադարձանք խորհրդակցությունների սրահ, որտեղ բոլորը հարմար տեղավորվեցին՝ դիտելու ֆիլմ: Դիտեցինք «Moneyball» ֆիլմը: Այս կինոդիտումը ուներ հստակ նպատակ՝ մենթորների ու մենթիների մոտ նոր քննարկումների թեմա ստեղծել, նոր գաղափարներ ու մտքեր տալ: Չնայած բավականին երկար տևողությանը, դիտումը շատ հաճելի ու աննկատ անցավ:
Դրանից հետո մասնակիցները ու ղեկավար անձնակազմը հավաքվեցին ավելի անմիջական միջավայրում՝ խաղալով շաշկի, շախմատ, զրուցելով ու կիսվելով տպավորություններով:
Ժամը 23:30-ին ավարտվեց առաջին ճամբարային օրը: Մասնակիցները գնացին քնելու, որ նոր ուժեր հավաքեին հետագա դասընթացների ու սեմինարների համար:
Գևորգ Լոռեցյան, PLAY, 2012
1 comments:
Շատ շուտով կտեղադրվեն նաև երկրորդ ու երրորդ մասերը
Post a Comment