Aug 28, 2012

PLAY | Մանակիցների արձագանքները ծրագրից հետո

Ճիշտ է, նախատեսել էինք այսօր հրապարակել մեր ճամբարի երրորդ օրվա մասին պատմող նյութը, բայց ծրագրային փոքրիկ փոփոխություն է կատարվել :)

Մեր մասնակիցները այնքան են հավանել ու գոհ մնացել մեր ճամբարից, որ տուն վերադառնալուն պես սկսեցին զանազան շնորհակալական խոսքեր գրել:
Այսօր որոշել ենք մեկ ընդհանուր նյութի տակ հրապարակել դրանք, որպեսզի հասարակության ավելի լայն շերտերին նույնպես պարզ լինի, թե ինչ արդյունքներ ենք ունեցել:

Գնացինք.
--------------------------------------------------
Քնար Դավթյան, Կապան
Մտորումներ PLAY ծրագրի առաջին հանդիպումից հետո….

Անկեղծ ասած, երբ Սյունիքի թագ Կապան քաղաքում հրավիրվեցի մասնակցելու ծրագրի ղեկավարների հետ հանդիպմանը, թաքուն ուրախություն էի ապրում և անհանգստություն:

Անհանգիստ իրավիճակը շարունակվեց, երբ իմացա, որ մեկն եմ լինելու երիտասարդ առաջնորդներից, ով պատիվ կունենա առաջնորդության դասեր քաղելու և հետագայում արդեն համայնքային ծրագրեր իրականացնելու: Սա իմ կյանքի առաջին փորձառությունն էր և մեծ էր մտավախությունս: 

Սակայն հենց Հանրապետության Հրապարակում մեզ դիմավորող ավագ առաջնորդների ջերմ ժպիտները հուշեցին, որ մի մեծ և համերաշխ ընտանիք է ծնվում կամ էլ համալրվում: Ուզում եմ ասել, որ շատ շատ սիրեցի Մարիամին, Հռիփսիմեին, իմ մենթոր Վահանին, բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին: Սիրեցի այնպես, որ, տուն գալով, արդեն հասցրեցի կարոտել… Այո՛, հասկացա, որ առաջնորդությունն իրոք մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությունն է, իսկ դա, կարծում եմ, ծրագրի հաջողության երաշխիքն է: 
Տեսնելով բանիմաց և խելացի իմ հասակակիցներին, դասեր քաղելով իմ մենթորից՝ այսօր ուրիշ աչքերով եմ նայում թե՛ ինձ շրջապատող աշխարհին, թե՛ իմ համայնքում առկա խնդիրներին: Նաև գիտակցում եմ, թե որքան բաներ կարելի է փոխել բանիմաց և նախաձեռնող երիտասարդների միասնությամբ: 
Սևանյան երեք օրը դաս էր ոչ միայն առաջնորդության, այլև բարեկամության, փոխըմբռնման, հանդուրժողականության և սիրո: 
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ PLAY , ՀԻՄԱ ԵՍ ԱՎԵԼԻ ՎՍՏԱՀ ԵՄ ԳՆՈՒՄ ԵՐԱԶԱՆՔԻՍ ՀԵՏԵՎԻՑ…… ---------------------------------------------------------------

Անուշ Պետրոսյան, Դիլիջան
Յուրաքանչյուրդ մի ԱՐԵՎ եք

Կար մի ժամանակ, երբ ես վախենում էի արևից, վախենում էի հանդիպել նրան, չգիտեմ, թե դա ինչի հետ էր կապված, որն էր դրա պատճառը, երևի ես նախանձում էի նրան, որ նա այնքան վեր է գտնվում և կարողանում է մեզ բոլորիս վերևից նայել, երևի ես չէի սիրում նրան այն բանի համար, որ նա միշտ բոլորին կարողանում է ստիպել կարոտել ու սիրել իրեն, երևի այն բանի համար, որ նա կարողանում է բոլորին իր ձեռքում պահել, բոլորին ջերմացնել, իսկ ես` ոչ: 

Ես միշտ գտնվում էի սյան կիսաստվերի տակ, միշտ աշխատում էի մթության հետ, երևի նրա համար, որ մթությունը իմ կողքն էր լինում, լինում էր ինձ հավասար, շատերի համար այն գարշելի էր լինում, շատերի համար սիրելի, ոմանք սպասում էին նրան, իսկ ոմանք` ոչ… 

Եվ ամեն օր, երբ բացվում էր օրը, ես սպասում էի գիշերվան, սպասում էի, որ կարողանայի ինչ-որ բան անել, ինչ-որ կերպ ինքս ինձ հասկանալ ու աշխատել և անգամ չէի պատկերացնում, որ մի օր ինձ հետ հավասար միևնույն հարթության վրա կանգնած կտեսնեի 17 արևների, 17 արևներ, որոնք կկարողանային իմ մեջ եղած փոթորիկը ՄԱՅՐ ԱՐԵՎԻ հանդեպ մեղմ ծփանք դարձնել: 

Հիմա ես ուրախ եմ, երբ առավոտ բացում եմ աչքերս և երկնքում տեսնում եմ արև, արև,որն ինձ ժպտում է: Մենթորնե՛ր, Մարիա՛մ, Սիմե՛, իմացեք, որ ամեն առավոտ արևին նայելիս ես ձեզ եմ հիշում, հիշում եմ Սևանում անցկացրած 3 հրաշալի օրերը, հիշում այն ամենը, որոնք դուք եք ինձ սովորեցրել, և արևը տեսնելիս ես տեսնում եմ իմ երազանքը, տեսնում եմ իմ նպատակը, որին ես կարող եմ հասնել…..
--------------------------------------------------------------

Հասմիկ Կիրակոսյան, Վանաձոր
3 օր, 4 տառ. PLAY 

Առաջին փուլ. Հայտը վերջին օրը ուղարկեցի: Ճիշտ է, առաջին օրվանից լրացրել էի, բայց,  ինչպես միշտ, վերջին օրն ես հիշում, որ 2 շաբաթ առաջ լրացրածդ հայտը դեռ չես ուղարկել, ու գցվում ես համակարգչի դիմաց, 2 վայրկյանում ուղարկում դեռ շա՜տ պաշտոնական թվացող փաստաթղթերը ու հանգիստ սրտով հեռանում համակարգչի դիմացից: 

Երկրորդ փուլ. Սպասում էի հաճելի, ուրախ ձայնով մեկի զանգին, որը կասի սպասված խոսքերը.«Շնորհավորում ենք, դուք անցել եք PLAY ծրագրի երկրորդ փուլ»: Աննան էր: Ճիշտ էլ հասկացել էի՝ ժպտերեսիկ, անմիջական ու հանգիստ: 

Հարցազրու՜յց. Արդեն այդ բառը լսելուց միայն ժպիտներ ու հավեսով մարդկանց եմ պատկերացնում: Ճիշտ է, միշտ չի այդպես լինում, բայց առաջին տպավորությունը դա է: Մտա դասասենյակ ու առաջինը, ում տեսա, անկեղծ ժպտացող Վիկան էր: Ես իրեն այդպես էլ հիշելու եմ միշտ. ճամբարային 3 օրերն էլ էլ ավելի ամրապնդեցին տպավորությունս: Հարցեր, որոնցից մի քանիսի վրայով թռանք, որովհետև ժամանակ չկար: Բայց այն հարցերը, որոնք տրվեցին, ճիշտ այն էր, ինչ ուզում էի: Նրանց ստեցծած մթնոլորտը ինձ ավելի էր ներշնչում, որ պիտի անկեղծ ու ազատ լինեմ, պիտի ասեմ այն, ինչ չեմ կարողանում ասել լարված ու ճնշված պահերին: Ու ասացի.. Հարցեր կային, որ այդ թեմաներով ես արդեն մտածել էի, մտքումս ծավալվել ու նաև գրել բլոգումս կամ ուղղակի թղթի վրա: Նույն անկեղծ ժպիտով էլ լքեցի ծանոթ դասասենյակը (առաջին դասարանում այդտեղ 1 օր դասի եմ եկել :D): Վստահ դուրս եկա, վստահ գնացի գյուղ, էլի վստահ սպասում էի զանգին՝ այս անգամ երրորդ, ճամբարային փուլի համար: Զանգ. Ուրախությամբ ասում են, որ, իհարկե, անցել ես: 

Երրորդ, ճամբարային փուլ. Ուրիշ էի... ուրիշ էր մթնոլորտը, ուրիշ էին մարդիկ: Ամեն մի ասված բառը ուղեղումս ենթարկվում էր մանրազնին վերլուծության: Բառեր, խորհուրդներ, կանոններ, "պիտի"-ներ. բոլորը խառնվել էր իրար: Մեկ-մեկ մտածում էի.«Ե՞ս: Առաջնո՞րդ: Հպարտությու՞ն: Ինչ-որ հեռու չե՞ն իրարից այս բառերը: Առաջնորդե՞մ մարդկանց: Ինչի՞ համար պետք էր լրացնել հայտը»: Սա առաջին օրն էր: 

Իմ նման էի, չկար ոչ մի պատնեշ, որ չթողներ 48 յուրահատուկ մարդու հետ ազատ շփվել: Չգիտեմ՝ ինչքանով դա ինձ հաջողվեց, բայց ճանաչելով ինքս ինձ՝ ասեմ, որ ես անկեղծ էի, ազատ ու չէի փորձում ձևերով առաջ գնալ: 

Ճաշարանի զրույցները, նոր ընկերները, որոնց ես անընդհատ ուսումնասիրում էի... Հետաքրքիր էր ուղղակի ամեն ինչ, ինչ կապված էր այդ մարդկանց հետ: Երկրորդ օրն էր, ինչքան հիշում եմ, առաջնորդ լինելու հիմնական կանոններից էինք խոսում, ու մի բան ինձ ավելի շատ մտածելու տեղ տվեց.«Առաջնորդը ինքնավստահ պիտի լինի, հպարտ»: Դա իմ համար խնդիր էր, որը սկսեցի լուծել արդեն հաջորդ դասի ժամանակ: Հռետորական արվեստ. ոչ ոք ինձ չէր ստիպել կամ ասել, որ գնամ խոսք ասեմ: Ես վերջինը, դանդաղ, անվստահ քայլերով գնացի, կանգնեցի ու սկսեցի խոսել: Ինչպես միշտ ցածր ձայնով, աչքերս գետնին էին նայում, հետո կամաց բարձրացան վերև ու երևի հաստատվեց eye contact-ը: 

Վերջացրի, նույն ձևով խելոք նստեցի տեղումս ու սկսեցի իմ սխալները իմ դիմաց դնել: Լավ պահ էր, երբ, սխալներդ հասկանալով, փորձում ես ուղղվել: Զարմացել էի իմ վրա, որ գրեցի անունս, հետո խոսեցի: Ու դրանից ավելի ոգևորվեցի, որ մեջս փոխվեց ինչ-որ բան: 

Խարույկը, պարերը, Տիգրանի կատակները, Վիկայի ժպիտը, Դավիթի (Պետրոսյան) բարի աչքերը, Լևոնի անեկդոտը, որ արդեն լսել էի, բայց էլի ծիծաղելի էր, Էդոյի անհասկանալի կատակները, ու այդպես շարունակ: Այնքան բան կա հիշելու, որ փորձում ես նշել, բառերի երկա՜ր շարք է ստացվում: 

Երգ, պար, խաղ, գույն, ժպիտ ... PLAY

--------------------------------------------------

Նվարդ Շերենց, Դիլիջան
Շնորհակալություն


Մի քանի րոպե առաջ ընթերցում էի Հասմիկի,Անուշի և Քնարիկի՝ Facebook-ում գրած խոսքերը: Մտածում եմ՝ ինչ հավեսով են, անկեղծ, ուրախ, լավ տրամադրված: Փորձում եմ հասկանալ, թե ինչու է այդպես:

Ոմանք կմտածեն, որ նրանք ի ծնե գրելու և արտահայտվելու տաղանդ ունեն, և ճիշտ է, ես կմիանամ ձեր կարծիքին, բայց կավելացնեմ մեկ փաստ ևս: PLAY-ին մասնակցելուց հետո անհնար է չարտահայտվել, նույնիսկ եթե չգիտես ինչպես գրել, կասես ընդամենը մեկ բառ` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Իր մեջ ամեն ինչ ներառող այս բառը կարողանում է լուռ արտահայտել այն, ինչի մասին վաղուց գոռում է սիրտը: Մինչ PLAY-ին մասնակցելը, ես մտածում էի, որ վեջապես իմ մեջ «ճամբար» հասկացողության ճիշտ իմաստը կձևավորվի, բայց այդպես էլ չեղավ:

Մարիամը,Սիմեն և մենթորները ճամբարի փոխարեն ինձ ցույց տվին, թե ինչպիսին է դրախտը, որտեղ այդքան շատ ենք ուզում լինել: Դրախտ, որտեղի բոլոր ներկայացուցիչները փորձում են քեզ ավելին սովորեցնել, քան գիտես, թիկունք լինել, հասկացնել քեզ, որ դու կարեղ ես գործել լավը: Մարդիկ, որոնք ամեն պահ հարազատի, ինչ որ տեղ ծնողի պես քեզ օգնում են, թևեր տալիս քո ինքնավստահությանը և հոգու ներսում թաքնված ուժին՝ ստիպելով քեզ առաջ գնալ:

ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ Ձեզանից ամեն ինչի համար: Ես երկնային դրախտի կարիքն այլևս չունեմ, ես երկրայինում եմ եղել:

------------------------------------------

Լևոն Հարությունյան, Գյումրի
Ես սկսեցի, իսկ դո՞ւ...

Բարև, Ձեզ գրում է մի մարդ, ով սկսեց, բայց չկանգնեց, շարունակեց առաջ գնալ...Վստահ եմ նույնը անում են նաև 30 Մենթիները իրենց Մենթորներով: Եվ ամեն առավոտ բացում ենք մենք, մեր աչքերը, իսկական առաջնորդի հատկանիշներով օժտված: Եվ իզուր ասված չէ՝ ով ունի թասիբ, չի մնա քյասիբ: Մենք ունենք այդ թասիբը և մասնակցեցինք մի ծրագրի, որը մեզ չթողեց քյասիբ:

Կյանքը կարճ է, պիտի հասցնենք շփվել և՛ լավի, և՛ վատի հետ: Սևանում մենք շփվեցինք լավի հետ, իսկ վատը ամենուր է, մենք դա գիտենք այնպես, որ ծրագրի միջոցով մենք ճանաչեցինք նաև լավը:

Եկեք հավատանք, որ կարող ենք փոխել մեր երկիրը, մենք առաջնորդներ ենք, որոնք հավատարիմ կմնան իրենց սկզբունքներին: Տպավորություններս շատ են, բայց կսահմանափակվեմ այսքանով, քանի որ տպավորություններով չէ, որ մենք պիտի ապացուցենք ծրագրի արդյունավետությունը, այլ մեր կատարած գործերով:

Ես ու Մանեն՝ իմ մենթորը, ամեն ինչ կանենք, որ զարմացնենք Ձեզ, և խոստանում ենք, որ կիրականացնենք մի շատ հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագիր, որով և կապացուցենք, թե ինչքան արդյունավետ էր այս ծրագիրը մեզ համար:

----------------------------------------------------------------------

Մանե Գևորգյան, Երևան, ծրագրի Մենթորներից մեկը
Եկեք չփոխենք մեզ շրջապատող աշխարհը.

Եկեք չփոխենք մեզ շրջապատող աշխարհը, ուղակի ընկալենք յուրովի, մենք դա կարող ենք միասին: 

-Լևոն ջան , ո՞ր գույնն ես սիրում: 
-Փոքր ժամանակ տատիկս նույն հարցը տվեց ու ես պատասխանեցի կանաչ, դրա համար էլ ստիպված կանաչն եմ սիրում, բայց կապույտն էլ վատ գույն չի: 
-Որ քո դիմաց գունավոր մատիտներ դնեն, Նարեկ ջան, ո՞ր գույնը կվերցնես: (հարցը տրվել էր սիրած գույնը հասկանլու համար): 
-Որը որ մոտ լինի: 

Գուցե տարօրինակ թվան հարցերը, բայց ավելի տարօրինակ են պատասխանները: Չե՞ք կարծում, որ ամեն տարօրինակ բան ենթադրում է նորություն, թարմություն ու մի քիչ էլ խենթություն: Շատ էին տարօրինակ պահերը, այն պահերը, որոնք դարձան մեր թիմի ձևավորման հիմքը: Պատասխանատվություն, լրջություն, ուշադրություն... Մի տեսակ հեռու էին թվում այս բառերը, մինչ սեփական ուժերի հետ լուրջ համագործակծություն սկսելը: 

Համագործակցությունը ուժի մեջ է մտնում պայմանագիր կնքելուց հետո, իսկ մեր պայմանագիրը շատ կետեր չուներ: 
1. Պատրաստ եմ հավատալ ինքս ինձ ու վստահ լինել ուժերիս վրա: 
2. Պատրաստ եմ տեսնել ու փոխել այն, ինչ տեսնում են մյուսները, բայց լուռ անցնում են դրանց կողքով: 
3. Չսպասել ու չմտածել, որ ինչ որ մեկը կթակի դուռս ու կասի.«Աշխարհը փոխվել է, դո´ւրս արի»: 

Այս կետերը շատ հանգիստ կարելի է շարունակել, բայց պայմանագրի առանձնահատկությունը նրանում է, որ ոչինչ չի սահմանափակում ու սահմանափակվում: Քեզ տրվում է նոր կետեր մշակելու ու ավելացնելու հնարավորություն: Իսկ դա հեշտ բան չէ: 

Երևակայություն ու իրականություն: Կամ պետք է խախտես սահմանը, կամ համերաշխության սպիտակ դրոշը դնես դրանց սահմանագծի վրա: Հիմա կարծես նոր սահմաններ ենք գծում, վերցնում անսահմանություից հատվածներ ու յուրովի դարձնում մերը: Ամեն սահման ունի սահմանագիծ, բայց գծերը երկրաչափական պատկերների մասնիկներ են, որոնք կարող են շատ հեշտությամբ եռանկյունին դարձնել ուղղանկյուն, իսկ ուղղանկյունը՝ քառակուսի: Պետք է ճիշտ ընտրել պատկերը, տեղավորվել, իսկ հետո փոխել այն՝ դարձնելով ավելի հարմար ու պիտանի: Կարող ես վարձով մնալ այդ տարածքում, կարող ես գնել, բայց պետք չէ վերավաճառել կամ աճուրդ կազմակերպել: 

Հիմա ամեն քայլն ավելի հստակ ու կայուն պետք է լինի: Հիմա քայլելուց պետք է թե՛ գետնին նայենք, թե՛ դիմացներս, թե՛ լուսակիրին: Իսկ լուսակիրի գույները հիմա պետք է նշանակեն  այլ բաներ.
Կանաչ- հանգիստ քայլիր: 
Դեղին- ուշադիր նայիր կողքերդ: 
Կարմիր-Կանգնիր, խնդիր կա:

Իսկ հետո նորից.
Կանաչ- Լուծեցի՞ր խնդիրդ, ուրեմն նորից հանգիստ քայլիր... 

Մենք հիմա միասին ենք քայլում, միասին ենք նայում, միասին լուծում... Թող մեր «Միասին» բառը դառնա մեր ճանապարհի ամենավառ գույնը... Կլինի նարնջագույն, դեղին, կապույտ թե սպիտակ... Կլինի մեր գույնը, որ կասի՝ դուք միասին եք, դուք ուժեղ եք, դուք գիտեք ճանապարհն ու փողոցն անցնելու կանոնները...

----------------------------------------------------------------------

Այսպիսով, երրորդ ճամբարային օրվա մասին նյութի հրապարակումը հետաձգվում է մեկ-երկու օրով:

--------------------
PLAY, 2012

0 comments: