Nov 4, 2012
PLAY | Խելացի՛ եղիր, մի՛ սկսիր - Լոռի
PLAY ծրագրի «Խելացի՛ եղիր, մի՛ սկսիր» ենթածրագրի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Վանաձորում ծրագրի մասնակից Հասմիկ Կիրակոսյանը և մի խումբ երիտասարդներ անցկացրեցին ծխելու դեմ պայքարին նվիրված ֆլեշմոբ-ակցիա:
Հասմիկի և նրա ընկերների նպատակն էր ինչ-որ չափով փոխել մարդկանց մտածելակերպի մի փոքր մասը, որը պատասխանատու է ծխախոտը ձեռքը վերցնելու և օրական մի քանի տուփ վերջացնելու համար: 7-15 տարեկան երեխաների ձեռքով պատրաստված բացիկ-թռուցիկները բաժանվեցին ծխող մարդկանց: Ֆլեշմոբի մասնակիցները ստանցան տարբեր արձագանքներ, որոնք և՛ ոգևորում էին, և՛ հիասթափեցնում նրանց, սակայն կանգ չէին առնում, քանի որ հասկանում էին` առանց հիասթափությունների հաջողության չեն հասնի:
Մարդկանց թվում էր, որ սովորական ակցիա է, և ոչ մի օգտակար բան, սակայն, երբ տեսնում էին երեխաների նկարած պատկերները թղթիկների վրա, տեսնում էին երեխաների անունները ներքևի անկյունում, փափկում էին և չէին կարողանում անտարբեր նայել այդ խոսքերին, ձեռքի ծխախոտն էլ վայր էին գցում ու խոստանում աշխատել, որ ընդմիշտ հրաժարվեն դրանից:
«Մի՛ ծխիր, խնդրում եմ», «Մի՛ փչացրեք մեր առողջությունը», «Մեկ կյանք մեկ ծխախոտի դիմաց: Հրաժարվիր ծխախոտից, պարգևիր կյանք» և այլն: Ահա այս տողերով էին երեխաները ցանկացել մարդկանց հասցնել իրենց խնդրանք-պահանջները: Երիտասարդներից շատերը պատրաստակամ էին իրենք էլ բաժանել և իրենց խոսքը հասցնել ծխող մարդկանց: Իսկ ավելի մեծահասակները ոգևորում էին ֆլեշմոբի մասնակիցներին իրենց խոսքերով և հաջողություն մաղթում:
Հետաքրքիր դեպքեր շատ եղան, արձագանքները մեկ-մեկ ուղղակի զարմացնում էին: Շատերի բացասական վերաբերմունքը և կասկածամտորեն արձագանքելը զարմացնում էին, քանի որ այդ՝ միայն ժպիտ ու դրական լիցքեր պարգևող թղթիկները նրանց չէին վնասելու, և հնարավոր է՝ ինչ-որ բան փոխեին նրանց կյանքում: Գուցե կհասկանային, որ ծխելով միայն իրենց առողջությունը չեն փչացնում, այլ նաև այն անմեղ աչքերով և դեռ կյանքի դժվարություններին անծանոթ փոքրիկների առողջությունը, որոնք կյանքից քիչ բան հասկանալով՝ մի բան մեծերից լավ են հասկանում. ծխելը սպանում է ու կյանքից խլում այնքա՜ն թանկ մի քանի տարի:
Փոքրիկները խոսքը ծխող մեծերին հասցրեց Հասմիկը իր ընկերների հետ միասին և հանգիստ առաջ գնացին՝ գործը դեռ անավարտ համարելով: Գնում էին միասին արդեն դատարկ ձեռքերով՝ առանց թղթիկների, ու հիշում արձագանքները ու հետաքրքիր պահերը, վախերը ու համարձակ քայլերը, մարդկանց հետ զրույցները ու զղջումով լի աչքերը: «Հուսով ենք՝ այս թղթիկները չեն գնա աղբարկղ և չեն մատնվի մոռացության, այլ կգտնեն իրենց տեղը այս մարդկանց գրասեղանների մի անկյունում, դարակում, որը ամեն օր բացում են, կամ դրամապանակում, որ ամեն անգամ ծխախոտի համար գումար վերցնելիս տեսնեն այդ խոսքերն ու պատկերները, հասկանան ու հրաժարվեն ծխախոտից»: Այս խոսքերով նկարագրեց իրենց ակնկալիքները ֆլեշմոբից ծրագրի պատասխանատու Հասմիկ Կիրակոսյանը:
-------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթի - Հասմիկ Կիրակոսյան
Ծրագրի պատասխանատու մենթոր - Արման Այվազյան
0 comments:
Post a Comment