Feb 15, 2013

PLAY | Բարեգործություն մանուկներին - Գեղարքունիք

«Առողջ հոգի առողջ մարմնում» կարգախոսով անցկացրեց իր «Բարեգործություն մանուկներին» ծրագիրը PLAY ծրագրում Գավառից ընդգրկված մեր ամենաակտիվ մենթիներից մեկը` Սվետլանա Սարգսյանը:

Ծրագրի առաջին փուլում նա կազմակերպեց սպորտլանդիա, որն ուղղված էր առողջ մարմին ձևավորելուն, իսկ քանի որ առողջ մարմինը գեղեցիկ է, եթե այնտեղ ապրում է նաև առողջ հոգի, ապա սպորտլանդիան ուղղված էր նաև մասնակիցների և նրանց երկրպագուների մեջ բարոյական արժեքների խրախուսմանը: Ամբողջ ակցիան բարեգործական էր: Սվետլանայի և իր ընկերների կարծիքով, միայն առողջ հոգին է ընդունակ բարեգործության և կիսելու իր ունեցածը մյուսների հետ: Դեկտեմբերի 3-ին Սվետլանայի և իր թիմի նախաձեռնությամբ Գավառի N 1հիմնական դպրոցում տեղի ունեցավ բարեգործական սպորտլանդիան: 

Սպորտլանդիային մասնակցում էին 5-րդ դասարանի աշակերտները: Սպորտլանդիայի խաղերը դիտել ցանկացողները իրենց հետ բերելու էին գրենական պիտույքներ, որոնք, որպես նվերներ, տրամադրվելու էին Գավառի թիվ 3 և 4 մանկապարտեզների սաներին: Սպորտլանդիայի նպատակն էր աշխուժացնել աշակերտների կյանքը, սեր առաջացնել ֆիզիկական պատրաստվածության առարկայի նկատմամբ, դաստիարակել բարոյական բարձր հատկություններ` պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, թիմային աշխատանք: Սպորտլանդիան կազմված էր երկու մասից` յուրաքանչյուրը չորս մրցույթից: Մասնակցում էին 24 աշակերտներ, որոնց երկրպագում էին միջին դասարանների աշակերտները: Մրցույթի մասնակիցներին ոգևորելու համար հնչեցին երգեր` Միհրան Ծառուկյանի «Գոլ» և Ա. Հովհաննիսյանի «Եռագույնը»: Ժամանակակից պարային համարով հանդես եկան վեցերորդ դասարանի աղջիկները:

Մրցույթը ընթացավ համառ և լարված պայքարի մեջ, որի արդյունքում թիմերից մեկը հաղթող ճանաչվեց: Հաղթող թիմը պարգևատրվեց ժամացույցով: Իսկ արդեն դեկտեմբերի 5-ին Սվետլանան գրենական պիտույքներով հագեցած արկղերով այցելեց նշված երկու մանկապարտեզները: 

Մանկապարտեզի աշխատակիցները սիրով ընդունեցին երիտասարդ ակտիվիստին և երախտագիտություն հայտնեցին նրան իրենց հաստատությունները հիշելու և իրենց սաների համար նախատեսված նվերների համար: Սվետլանան ասում է. որ խորին համոզմամբ, բարեգործություն անելու համար պետք չէ ունենալ նյութական մեծ կարողություններ, այլ միայն ցանկություն և կամք: Իսկական երիտասարդ առաջնորդի և ակտիվ քաղաքացու դիրքորոշում:

Տեսանյութ

Լուսանկարներ

--------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթի - Սվետլանա Սարգսյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Քնարիկ Ավոյան
Ծրագրի անվանումը - «Բարեգործություն մանուկներին»
--------------------------------------------------------------------

0 comments: